ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցներն իրազեկման հանդիպումներ են իրականացրել Կոտայքի գործող ճա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Ճամբար

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի և Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները՝ հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, համատեղ իրազեկող, քարոզչական բնույթի հանդիպում են անցկացրել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Արտավազ գյուղի տարածքում գործող «Հասմիկ», Մեղրաձոր համայնքի Փյունիկ գյուղում գործող «Լուսաբաց» և Հանքավանի «Խոտոր ջուր» ճամբարներում։

Հանդիպմանը մասնակցել է ավելի քան 815 տարբեր տարիքային խմբի ճամբարական երեխա։

Տեսչական մարմնի աշխատակիցներն ինտերակտիվ մեթոդների միջոցով ճամբարների ղեկավարներին, ջոկատավարներին, սպասարկող անձնակազմին և ճամբարականներին ներկայացրել են անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների կանխարգելման առանձնահատկությունների, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի դեպքում գործելակարգի, տարհանման ձևերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակների, հրդեհների առաջացման, դրա տարածման վտանգից խուսափելու համար անհրաժեշտ հրատապ միջոցառումների անցկացման վերաբերյալ իրազեկող տեղեկատվություն։

Հանդիպմանը ՔՏՀԱՏՄ ներկայացացուցիչները նաև պատասխանել են թեմայի վերաբերյալ ճամբարականներին հուզող բոլոր հարցերին։

Տեսչական մարմնի կողմից ճամբարականների շրջանում տեղեկատվական-քարոզչական բնույթի նման հանդիպումներն առաջիկայում կլինեն շարունակական:

--00--ԱԹ