ՌԴ մտնելիս «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը պարտադիր կլինի 3-րդ երկրների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակական

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է երկիր մուտք գործելիս «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածի պարտադիր օգտագործման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ հուլիսի 25-ից այդ հավելվածի միջոցով ՊՇՌ թեստավորման բացասական պատասխանը պետք է ներկայացնեն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մտնում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքներից`օդային անցակետերով: Բացառություն է երրորդ երկրից ԵԱՏՄ անդամ երկրներով Ռուսաստան եկած անձանց համար, որոնք անցնում են տարանցիկ երթուղով կամ կարճ կանգառով, պայմանով, եթե ներկայացնեն վերջին երեք օրվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Եվ սեպտեմբերի 1-ից հավելվածը կդառնա պարտադիր օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանից,  Մոլդովայից, Տաջիկստանից,  Թուրքմենստանից, Ուզբեկստանից ՌԴ պետական սահմանի օդային անցակետերի միջոցով:

Կրկին բացառություն կլինի այն քաղաքացիների համար, որոնք անցնում են տարանցիկ երթուղով կամ կարճ կանգառով: Այս դեպքում ևս նրանք պետք է ունենան վերջին երեք օրվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

«Ճամփորդում եմ առանց  COVID-19-ի» ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել Ռուսաստան, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս