ՄԻԵԴ-ի՝ Արթուր Բադալյանի մասին որոշումն օգտագործելու ենք ռազմագերիների անվտանգության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

«ՄԻԵԴ-ի կողմից գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանի վերաբերյալ որոշումը շատ կարևոր է։ Շուրջ 10 տարի մենք այս գործով զբաղվել ենք և մեր պայքարն իր արդյունքը տվեց»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից հայ գերու հետ կապված որոշմանը:

Նշենք, որ հուլիսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ազատությունից ապօրինի զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, որը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: 

Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Մարուքյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարևոր է այն առումով, որ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանը ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին առևանգել է Արդբեջանին սահմանակից Հայաստանի տարածքից, և նա ռազմական գործի հետ որևէ կապ չունի:

«Ի սկզբանե փորձում էին հիմնավորել, որ Արթուր Բադալյանը դիվեսանտ է, սակայն մենք կարողացել ենք ապացուցել, որ նա մի սովորական գյուղացի է, որը գնացել էր սունկ հավաքելու։ Նրան առևանգել են և շուրջ 22 ամիս պահել տարբեր զինվորական խցերում ՝ անդադար խոտանգումների  ենթարկելով:

Փաստացի ՄԻԵԴ-ը արձանագրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, որ նրան ապօրինի են զրկել ազատությունից և երրորդ հոդվածի խախտում, որ նա խոշտանգումների է ենթարկվել: Սա կարևոր է, որովհետև մենք ՄԻԵԴ-ի Արթուր Բադալյանի վերաբերյալ որոշումը օգտագործելու ենք այսօրվա ռազմագերիների անվտանգությունը ապահովվելու համար»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ