Հայաստանը բնական պաշարների կառավարման ոլորտում վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ՏԿԵ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019 թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ-ից

Հանդես գալով բացման խոսքով՝ Լ․ Շուշանյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի համար՝ նշելով, որ շահագրգիռ կառույցների, պետության, քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանը բնական պաշարների կառավարման ոլորտում վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել։ Նրա խոսքով, այն նպատակները, որոնք դրվել են երկու տարի առաջ՝ առաջին զեկույցի ներկայացման ժամանակ, այսօր կարելի է իրականացված համարել։

«Հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները, որոնք մենք սկսել էինք, այսօր կառավարության լայն օրակարգի հարցերից են և դարձել են յուրաքանչյուր գերատեսչության գործունեության բաղադրիչներից մեկը»,- նշել է Լ․Շուշանյանը։

Ընդերքի ոլորտը համակարգող ՏԿԵ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվել նաև միջազգային գործընկերների կողմից․ Open ownership նախաձեռնության կողմից իրականացված ուսւոմնասիրության արդյունքներով, ԱՃԹՆ/EITI միջազգային խորհրդի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի 2.5-րդ՝ իրական սեփականատերերի բացահայտման պահանջի մասով, ինչպես նաև ԱՃԹՆ ազգային զեկույցի վավերացման գործընթացի արդյունքներով՝ Հայաստանն ավելի քան 50 երկրների թվում 2020 թ․ արժանացել է «բարձրագույն» գնահատականի։

Համաժողովին, որն անցկացվել է առկա և առցանց ձևաչափով, մասնակցել են նաև Արադարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասնագետների կողմից ներկաներին է ներկայացվել Հայաստանի ԱՃԹՆ/EITI 3-րդ՝ 2019 թ. ազգային զեկույցը՝ Հայաստանում ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերությունների, արտադրված և արտահանված արտադրանքի, պետական բյուջե ուղղվող եկամուտների, դրանց տեղաբաշխման և այլ գործընթացների մասին։

Տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանում իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման գործընթացի, ինչպես նաև իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մասին, թե ովքեր են դրանից օգտվողները, ինչ տեղեկատվություն է հրապարակվում Ռեգիստրում, ինչպես է իրական սեփականատերերի բացահայտումը մեծացնում ոլորտի թափանցիկությունը և վերահսկողությունը:

Համաժողովի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալ Լ․ Շուշանյանը մասնակցել է նաև «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը՝ որպես լավ կառավարման նախապայման» պանելային քննարկմանը։

--00--ԱԹ

Տեսանյութեր