Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է.

«Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ՀՀ քրեական օ­րենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար Ս. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իր անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ապա նույն օրը` ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել` ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով:

23․07․2021 թվականին նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և այն ըստ էության քննելու համար ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան»։

Տեսանյութեր