Խոշոր ավտովթար Ամիրյան փողոցում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հուլիսի 26-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Mercedes 350» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1992 թ․), «Mercedes W124» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1986 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Ա․ Ջ․, ծնված 1997 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes 350» և «Toyota Corolla» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ։

Փրկարարները «Mercedes 350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի․ Մ․-ին (ծնված 1987 թ․) և «Mercedes W124» ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել «Mercedes W124» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ։

--00—ՄՀ