Տոկիո-2020. Դալալոյանը Ռուսաստանի ընտրանու կազմում դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Դալալոյան

 Ռուսաստանի մարմնամարզության հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Արթուր Դալալոյանը, դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության տղամարդկանց թիմային պայքարում Ռուսաստանի ընտրանին հավաքելով 262,500 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսական հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին և Նիկիտա Նագորնին: Երկրորդ տեղում Ճապոնիայի, իսկ երրորդում Չինաստանի ընտրանիներն են:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի կամ հնգամյակի ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:

Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս