Սյունիքում կուտակումներ կան. հարձակողական դիրքեր են կառուցում․ ազատամարտիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

․

Չնայած Արարատի ու Գեղարքունիքի սահմանին լարված է, թշնամին Սյունիքում լռում է ու ուժ կուտակում։

«Սյունիքի կողմում լավ կուտակումներ կան, բայց դեռ քայլեր չկան»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը, ով երեկ է վերադարձել Սյունիքից, որտեղ մարտական հերթապահություն էր իրականացնում։ Մարգարյանը մանրամասնում է՝ նկատի ունի՝ ուժի և ռազմական տեխնիկայի կուտակում։

Ազատամարտիկը վստահեցնում է՝ ստեղծված իրավիճակը դեռ վերլուծության կարիք ունի։ Երասխում և Գեղարքունիքում ՀՀ ԶՈՒ-երը համարժեք պատասխան են տվել, դրանով անակնկալի բերելով թշնամուն, ով վստահ էր, որ իր գործողություները անպատիժ են մնալու։

«Գուցե սա հակառակորդին բնորոշ ձեռագիր է։ Բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը։ Օրինակ՝ մի ամիս առաջ ասում էին կրակել չկա՝ դիրքերում բահերով ու քլունգներով կռիվ էր գնում։ Զենքերը մի կողմ էին դնում ու իրար սկսում էին ծեծելը։ Հիմա արդեն իրար դեմ այն ազատ կանգնելը չկա։

Հակամարտությունը սրված է, արդեն հասկանում են՝ պատմության անիվը իրենց կողմը պտտվեց, բայց այսօր համարժեք ձևով պատասխան են ստանում»։

Մարգարյանը պնդում է ՝ պատերազմն անխուսափելի է, պարզապես կողմերն անհասկանալի պատճառներով ժամանակ են շահում։ Վերլուծությունը հետևյալն է՝ եթե թշնամին հաղթել է 44-օրյա պատերազմում, ուրեմն այս հրահրումները չպետք է լինեին։

«Դա նշանակում է՝ ամեն ինչը լուծված չէ։ Վերջ ի վերջո նայեք միջազգային գերատեսչություններն էլ են խառնվում այս հարցում։ Հետախուզության ձև գոյություն ունի, որը կոչվում է հետախուզում մարտով՝ կրակային իմիտացիա են ստեղծում՝ հասկանալու մարտունակությունը, զորքի պատասխանը։ Հիմա այդ իմիտացիան է, այն է՝ նորից սկսել, թե ոչ։ Պատերազմը սարերի հետևում չէ, անխուսափելի է»։

Մարգարյանը պնդում է, որ այս պահին Սյունիքում ակտիվացում չկա, չնայած ակտիվ է Երասխի ու Գեղարքունիքի թևը։

«Այնտեղ դիրքեր էլ կան, որտեղ տարածքային ամբողջականության հարցն է գնացել։ Դիրքեր կան, որ 90-ականներից քարտեզով իրենց հողի մեջ է ընկել։ Ասում են գնացեք, մենք էլ ասում ենք չենք գնում, կանգնած ենք՝ մի հատ կրակոց է լինում ու սկսում է պատասխանը, ոչ թե բանավիճում, այլ կրակ է բացում»։

Հարցին՝ Փաշինյանի առաջարկը՝ կողմերի հայելային հետ գնալու և ռուս սահմանապահների տեղակայումը իրական կդառնա՞, հաշվի առնելով, որ Սյունիքում և Գեղարքունիքում սահմանապահներն արդեն այցեր են ունեցել, Մարգարյանը նշեց, որ սահմանազատման հարց դեռ գոյություն ունի։

«Երբ Սյունիքում էի, ռուսները եկան, գծագրեցին, որ տեսնեն, թե որտեղից է սկսվելու երկու պետությունների պետական սահմանը։ Տեղ կա ռուսներն ասում են՝ սա ձերը չի, հետ գնացեք, տեղ կա՝ ասում են առաջ եկեք, բայց սահմանազատման խնդիր ունենք՝ սահմանը գծված չէ։ Այն, ինչը ՀՀ սուվերեն տարածքն է՝ պետք է ամեն գնով պահել»։

Ազատամարտիկը նկատեց նաև, որ երկկողմանի պայմանավորվածությունները կողմերը սկսել են չկատարել։ Դա նշանակում է, որ երկու կողմն էլ կարող է զիջման չգնալ և լինի պատերազմ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Երևանը, Սևանն ու Զանգեզուրն «իրենց հողերն են»։

«Ալիևի ախորժակին քացախ՝ սաղ իրենն է։ Ալիևն ասում է՝ հնարավորություն ունենք նորից պատերազմելու, Զանգեզուրը իրենն է՝ ինքը թելադրողի դերում է իրեն զգում, բայց չէր սպասում, որ երասխյան դեպքերը կարժանանան պատասխանի»։

Հարցին՝ արդյոք Սյունիքում Ադրբեջանը բավական ամրացե՞լ է ու արդյոք շարունակվում են ամրաշինական աշխատանքները՝ Մարգարյանը նշեց, որ սնկի պես են աճում շինությունները.

«Ադրբեջանական կողմը որտեղ տեղակայվում է, այնտեղ սնկի պես շինություններ են աճում, մեկ երկու օրվա մեջ դիրքեր են սարքում ու բավականին լավ։ Գնացեք Սյունյաց աշխարհում նայեք ինչ դիրքեր են սարքել։ Շինարարությունից պարզ է առնում, որ պաշտպանողական բնույթ կրող դիրքեր չեն, դա հարձակողական դիրքեր են։

Այսքան կուտակումները նախահարձակ լինելու ինչ-որ ձև է լինելու»։

--00--ԱՀ

Տեսանյութեր