Անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Ստոպ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ կայքը:

«Հաշվի առնելով այս առավոտյան Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ դադարեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանի սրիկա, ռասիստ, նավթով հարուստ Ալիևի բռնապետությանը»,- ասվում է համապատասխան հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ուներ երեք զոհ, ևս 5 զինծառայող վիրավոր է։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:

--00--ԱԹ