Սյունիքում կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

կաթնամթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը (գ. Խնձորեսկ):

Կասեցման հիմք են ծառայել հայտնաբերված խախտումները: Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտելուց հետո արտադրական, կենցաղային և օժանդակ սենքերը չեն լվացվել և ախտահանվել ներկայացվող հիգիենիկ պահանջներին համապատասխան, սարքավորումներն ապահովված չեն եղել չափիչ և ստուգիչ սարքավորումներով, կաթնամթերքի փաթեթավորման համար օգտագործվող նյութերը չեն բավարարել տեխնիկական կանոնակարգերի պահանջները և հանդիսացել են սննդամթերքի աղտոտման աղբյուր, բուն փաթեթավորման գործընթացները չեն կատարվել փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունն ապահովող, սննդամթերքի
աղտոտումը բացառող պայմաններում: Ի լրումն՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ, բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

--00—ՄՀ