Մի քանի մասնավոր դեպքի համար չի կարելի սահմանափակել բոլոր լրագրողների տեղաշարժը ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Հասարակական

«Եթե, ինչպես պատգամավորն է նշում, որոշ լրագրողներ Ազգային ժողովում խանգարում են պատգամավորների աշխատանքը և աշխատանքային մթնոլորտը, ապա մի քանի մասնավոր դեպքի համար չի կարելի սահմանափակել Ազգային ժողով  հավատարմագրված բոլոր լրագրողների տեղաշարժը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նշենք, որ օրեր առաջ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ տեղեկություն ունի,որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել, ինչն իր կարծիքով անընդունելի է, քանի որ լրագրողի ազատությունը անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք:

Թագուհի Թովմասյանի գրառմանը անդրադարձել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, նշելով, որ ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է, քանի որ որոշ լրագրողներ խանգարում են պատգամավորների աշխատանքը և խաթարում շենքում աշխատանքային մթնոլորտը:

«Այս առումով մտադրությունները բավականին խնդրահարույց են և կարծում եմ, որ խնդիրը լուծելու համար շատ ավելի ողջամիտ և հավասարակշռված քայլեր պետք է անել և չի կարելի թույլ տալ, որ բոլորը տուժեն այդ որոշումից: Կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել լրագրողների գործունեության կարգում, բայց ուղղակի ասել, որ լրագրողներ ձեր տեղը այս օթյակն է և այլ կերպ չեք կարող շփվել պատգամավորների հետ, կարծում եմ, նույնիսկ ձեռնտու չէ պատգամավորներին, որոնց գործունեության բաղկացուցիչ մասը լրատվամիջոցների հետ շփվելը և հասարակությանն իրենց մոտեցումները ներկայացնելն է: Հույս ունեմ, որ քննարկումների արդյունքում սահմանափակումները չեն կիրառվի»:

Մելիքյանի համոզմամբ՝ խնդիրը երկկողմանի է և նման սահմանափակումներ կիրառելը վնաս է ոչ միայն լրատվամիջոցների համար, այլ նաև քաղաքական գործիչների՝ տվյալ դեպքում պատգամավորների համար:

«Երբեմն լրագրողները չեն կարողանում կանոնակարգել իրենց աշխատանքը, միաժամանակ հարցեր են տալիս՝ պատասխանին չսպասելով և այլն: Սակայն համոզված եմ նաև, որ կան պատգամավորներ, որոնք դեռ պատրաստ չեն հարաբերվել լրագրողների հետ և դա քաղաքական գործչին հարիր չէ, ցանկացած սուր հարց քաղաքան գործչի համար նվեր պետք է լինի, քանի որ պատասխանողն ինքն է և ինքն է ընտրում, պատասխանի բովանդակությունը»,-նշեց Մելիքյանը:

Հարցին, թե երբևէ լրագրողական համայնքի հետ քննարկումներ եղե՞լ են այս մտադրության մասին, Մելիքյանը նշեց, որ առայժմ քննարկումներ չեն եղել, բայց իրենք պատրաստակամություն են հայտնել, հարցը քննարկելու, եթե քննարկումներ չլինեն,  փաստաթղթի առկայության դեպքում հանդես կգան հայտարարությամբ:

--00--ԿԿ