2021թ. առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Հուլիսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ 2021 թվականի առաջին կիսամյակի ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։

2021 թ. առաջին կիսամյակում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով կամ 789 դեպքով, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի թվի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 23 085 հանցագործության դեպքերից՝ 54,0%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ:
Հայտնաբերվել է 465 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 127-ը կաշառակերության դեպքեր են, 38-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման, 74-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 127-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 32-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 95 139 նյութ: Հարուցվել է 6876 քրեական գործ:
Արձանագրվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է՝ 168, և մարմնական վնասվածքներ ստացել՝ 3186 մարդ:

Ամփոփելով կատարված աշխատանքը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրականացրած ծանրաբեռնված ծառայության համար։

Խորհրդակցության ընթացքում վեր հանվեցին ոստիկանության 2021 թվականի առաջին կիսամյակին թույլ տրված թերություններն ու բացթողումները, քննարկվեցին առանձին հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմները, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս