Խոցված ԱԹՍ-ն իսրայելական է, հետախուզական տիպի. գինը 1,5-2 մլն դոլար. փորձագետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

․

Գեղարքունիքում Ադրբեջանի զինուժի կողմից օգտագործված ԱԹՍ-ն «Aerostar» տիպի միջին դասի անօդաչու թռչող սարք է, որը Ադրբեջանն Իսրայելից գնել է 2008 թվականից սկսած: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

«Նաեւ 2011 թվականից Ադրբեջանում ունեն համատեղ արտադրություն, այսինքն բերում են մասերը եւ հավաքում Ադրբեջանի տարածքում «Aerostar»-ը եւ «Օրբիտա» տեսակի հետախուզական ԱԹՍ-ն: Նշված ԱԹՍ-ն կարող է մինչեւ 12 ժամ օդում աշխատել: Ստանդարտ, միջին դասի ԱԹՍ է եւ մինչեւ 200-250 կմ կարող է իր արձակման վայրից հեռանալ կամ կապ ապահովել իր հիմնական բազայի հետ»,-ասաց նա:

Փորձագետը նկատեց, որ բավական բարդ է ռազմական տեխնիկայի գները ասել, որովհետեւ շուկայական գները խիստ տատանվում են. «Բաց աղբյուրների տվյալներով Ադրբեջանը մեկ միավորի համար Իսրայելին մոտ 1,5-2 մլն դոլարի չափ գումար է վճարել, բայց հնարավոր է գինը տարբերվի, որովհետեւ դա կախված է առանձին պայմանավորվածությունից»:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով, քանի որ Գեղարքունիքի յադ տարածքում կան բախումներ, եւ Ադրբեջանի կողմից ագրեսիա, ապա ենթադրելի է, որ հայկական կողմը պետք է համապատասխան գործողություններ իրականացնի, ենթադրենք ինչ-որ տեղերում զինտեխնիկա կուտակի, եւ ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ փորձել  առաջին հերթին արձանագրել՝ արդյոք նմանատիպ տեղաշարժեր լինում են եւ կոնկրետ որտեղ են լինում. «Մյուսը իրենք կարող էին փորձել ստուգել հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության աշխատանքը: Զուտ ռազմական տեսանկյունից կարող էր այս գործառույթները վերապահված լինեին այդ ԱԹՍ-ի թռիչքին, մյուս կողմից սա կարող էր զուգահեռաբար հերթական ագրեսիան իրականացնելու կամ իրավիճակը լարելուն ուղղված քայլ լիներ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հեշտ է ԱԹՍ խոցելը, փորձագետը պատասխանեց. «Բարդ հարց է: Այնպես չէ, որ հեշտ է կամ դժվար է: Դա կախված է ՀՕՊ համակարգերից, դրանց տեսակներից, ինչպես նաեւ ԱԹՍ-ների քանակությունից: Օրինակ, արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում խնդիրը զգալիորեն բարդացել էր նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը օգտագործում էր տարբեր տեսակի եւ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ եւ այլ թռչող օբյեկտներ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ: Նշված դեպքում, յուրաքանչյուր ՀՕՊ համակարգ ունի սահմանափակ հնարավորություններ, միաժամանակ սահմանափակ թիրախ հայտնաբերելու հնարավորություններ: Եթե դրանից շատ ավել է լինում, գերբեռնված է լինում օդը, այդ դեպքում բարդանում է ՀՕՊ-ի խնդիրը:

Տվյալ դեպքում հետախուզական տիպի ԱԹՍ-ները , եթե մանավանդ քիչ քանակությամբ են հարձակվում, ապա կարծում եմ՝ բարդ խնդիր չպետք է լիներ դրանց խոցելը»:

--00--ԱՀ