Արցախում կանցկացվի սոցիալական բիզնեսի շաբաթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

․

Արցախի պետական համալսարանում կհիմնվի սոցիալական բիզնեսի կենտրոն, նախատեսվում է նաեւ, որ Արցախում օգոստոսին կանցկացվի մեկշաբաթյա ծրագիր՝ արցախցիներին սոցիալական ձեռներեցության հմտությունների, բիզնես հիմնելու եւ զարգացնելու վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Ծրագրի մանրամասները քննարկելու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր՝ օգոստոսի 3–ին, ընդունել է ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանին, սոցիալական ձեռներեցության դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանին, Գավառի Պետական Համալսարանի Յունուս Սոցիալական Բիզնեսի կենտրոնի համակարգող Աստղիկ Հովեյանին:

Նախարարը եւ Արմեն Արսլանյանը պայմանավորվել են Արցախի պետական համալսարանում հիմնել սոցիալական բիզնեսի կենտրոն: Նախատեսվում է Արցախում օգոստոսին անցկացնել նաեւ մեկշաբաթյա ծրագիր՝ արցախցիներին սոցիալական ձեռներեցության հմտությունների, բիզնես հիմնելու եւ զարգացնելու վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է նոր մոտեցում․ բիզնեսի հիմնումը, սեփական կայուն եկամուտը էականորեն կբարելավեն արցախցիների կյանքի որակը։

Նախարարը հյուրերին ներկայացրել է Կառավարության կողմից արցախահայերի համար իրականացված սոցիալական աջակցության եւ զբաղվածության ծրագրերը՝ միաժամանակ շեշտելով, որ նմանատիպ միջոցառումների իրագործման հարցում կարեւոր է նաեւ սփյուռքի մասնակցությունը։

Արմեն Արսլանյանն, ով պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջացման կայացմանը, նշել է, որ մեծ ցանկություն ունի օգտակար լինել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ․«Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցչի համար մեծ պատիվ է ներդրում ունենալ Հայաստանի եւ Արցախի շենացման ու հզորացման գործում։ Պետությանը փոքր քայլերով աջակցելու միջոցով կարող ենք դրական տեղաշարժ գրանցել»,-նշել է գործարարը։

--00--ԱՀ