ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Ծառուկյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում եւ չի շփվում։ Նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը եւ իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու եւ իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ եւ անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որեւէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, եւ ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը եւս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, եւ դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից: Հայտնի է նաեւ, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որեւէ կերպ չի կարողանում հաղթահարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ