Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․ բժիշկ Չարչյանի 1–ին հարցազրույցը որպես պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Չարչյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Չարչյանը «Sputnik.Armania»-ին անկեղծորեն պատմում է, թե ինչն է դրդել իրեն վերցնել մանդատը. և արդյո՞ք պատրաստվում է հեռանալ բժշկությունից։

Արմեն Չարչյանը պատմել Է իր ձերբակալության, բժշկական գործունեության, առողջապահության համակարգում կարևոր բարեփոխումների և օրինաստեղծ աշխատանքի մասին:

-Պարոն Չարչյան, Դուք առաջին բժիշկն եք, որը ձերբակալվել է ոչ թե բժշկական, այլ քաղաքական գործունեության համար։ Ձերբակալված ժամանակ ինչի՞ մասին եք ամենից շատ խորհել։ Ի՞նչն էր Ձեզ օգնում ամուր մնալ։

-Այո, ես առաջին ձերբակալված բժիշկն եմ։ Ինչ վերաբերում նրան` գործը քաղաքական էր, թե ոչ, ես գնահատական կտամ դատական գործընթացի ավարտից հետո։ Հուսով եմ՝ դատարանը գործը կփակի հանցակազմի բացակայության հիմքով։ Իմ քայլերում որևէ հանցագործություն չեմ տեսնում։ Իսկ այս ամբողջ ընթացքում ինձ օգնում էր դիմանալ հավատը։ Ես ինքս խորապես հավատացյալ մարդ եմ, և եթե Տիրոջը հաճելի է եղել, որ այդ ժամանակահատվածում ես գտնվեմ այդ վայրում, ես ընդունում եմ դա և պատիժ չեմ համարում։ Ինձ համար դա փորձություն է։

Ուղիղ մեկ ամիս անազատության մեջ եմ եղել։ Այդ ընթացքում շատ բաների մասին էի մտածում, սկսեցի գնահատել ազատությունը․ ինձ այլևս ոչ ոք չէր անհանգստացնում, չէին զանգում գիշերվա 03։00-ին և վիրահատարան կանչում։ Նաև շատ էի կարդում, մտածում էի, վերլուծում, մաքրեցի ուղեղս անպետք մտքերից։ Բավականին հետաքրքիր գրքեր էի կարդում՝ Օմար Խայամ, Դաո դե Ցզի, Ուինսթոն Չերչիլի «Հատընտիր ճառերը», Աստվածաշունչ, Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Հովհաննես Թումանյան և այլն։

- Ձեր ձերբակալությունը անակնկալի բերեց ոչ միայն Ձեր հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, այլև, իհարկե, պացիենտներին։ Այդ պահի դրությամբ քանի՞ բարդ վիրահատություն էր նախատեսվում, որոնք հենց Դուք պետք է անցկացնեիք։

- Մինչև հիմա փորձում եմ սահմանափակել շփումը պացիենտների, աշխատակիցների հետ, որպեսզի դատախազությունը դրանում գործընթացի վրա ազդելու փորձ չտեսնի։ Ձերբակալման պահին մոտ տասը բարդ վիրահատություն էր պլանավորված։ Սովորաբար ամսական մոտ 30 բարդագույն վիրահատություն էի անցկացնում և կանոնակարգում էի մոտ 250-300 վիրահատության ընթացքը Երևանի տարբեր կլինիկաներում, որտեղ աշխատում են իմ աշակերտները։ Չհաշված մոտ 500 խորհրդատվություններն ու կոնսերվատիվ բուժումները։ Իմ խորհրդատվությունը շատ թանկ արժե, դրա գինը ժպիտն է, քանի որ չկա ավելի թանկ բան, քան մարդկանց ժպիտ պարգևելը։

- Դուք որոշեցիք վերցնել մանդատը և հայտարարեցիք, որ «պլանավորում  եք բուժել հասարակությանը»։ Ի՞նչը վճռորոշ դարձավ Ձեր սովորական առօրյան քաղաքականությամբ փոխելու որոշումը կայացնելու հարցում։ Չէ՞ որ Ձեր մասնագիտության հարցում Հայաստանում հավասարը չունեք, մինչդեռ խորհրդարանում Դուք շարքային պատգամավոր եք։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը խորհրդարանի ներկայիս կազմում։

- Ես երբեք քաղաքական գործիչ չեմ եղել։ Դա իմը չէ։ Ես իմ ողջ էությամբ բժիշկ եմ և բժիշկ էլ կմնամ։ Քաղաքականությանն և պատգամավորական մանդատին հասնելու համար ես ներքև եմ իջել։ Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է։ Երբ երիտասարդ բժիշկ էի, օրական մեկ վիրահատություն էի անում, հետևաբար օրը մեկ կյանք էի փրկում։

Երբ բաժանմունքի վարիչի պաշտոնում էի, մենք մինչև 10 վիրահատություն էինք անում, այսինքն՝ օրական այդքան կյանք էինք փրկում։ Հետո ես դարձա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, հիվանդանոցը օրական 35-40 վիրահատություն էր անում, մենք 35-40 կյանք էինք փրկում։ Բայց, ցավոք, դա բավարար չէր, և ես որոշեցի օգտագործել իմ բոլոր գիտելիքները, փորձը, հնարավորությունները, այն ամենը, ինչ ձեռք եմ բերել իմ բավական հետաքրքիր կյանքի ընթացքում, որպեսզի հասարակության վրա այլ տեսանկյունից ազդեցություն ունենամ։

Այո, ես սովորական պատգամավոր եմ և ավելիին չեմ հավակնում։ Բայց փաստը մնում է փաստ, որ սովորական պատգամավոր լինելով՝ ես կարող եմ ազդել ճակատագրական որոշումների վրա հատկապես առողջապահության ոլորտում։ Եվ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ինչ-որ կերպ ուղղեմ այն սխալները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում թույլ են տվել գործող իշխանությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ