Երևանում պարեկները «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» անվամբ հատուկ գործողություն են իրականացրել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի կարգադրությամբ Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերացիան կրել է «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» անունը, և այն կապված է այն փաստի հետ, որ երեկ համացանցում լուսանկարներ էր հրապարակվել, թե ինչպես է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենայով հայտնվել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող սրճարաններից մեկում ու այնտեղ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ ավտոմեքենան կայանել, ինչը խոչընդոտ է հանդիսացել նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

Հրապարակումից հետո պետք է կարճ ժամանակում հայտնաբերվեր օրինախախտ «Նիվան»։ Ի վերջո, մի դասաժամի չափ չանցած՝ մոտ 45 րոպեի ընթացքում, պարեկները «հերոսի» «Նիվան» նկատում են Արցախի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում», ու արդեն կարճ ժամանակում ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդն էլ ենթարկվում է վարչական պատասխանատվության։ Կայքի տեղեկություններով՝ «Նիվան» վարել է Երևանի բնակիչ՝ 21-ամյա Վահագն Միլիտոնյանը։

--00--ԱԹ