Առողջապահության նախարարությունը՝ COVID-19-ի դեմ հղիների պատվաստման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

․

Ապացուցված է, որ COVID-19-ով վարակված հղիները հիվանդության ծանր ընթացքի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում են, քան վերարտադրողական տարիքի այլ կանայք, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ հղիության ընթացքում COVID-19-ը կարող է վաղաժամ ծննդաբերության և նորածինների շրջանում առողջական խնդիրների պատճառ դառնալ, մասնավորապես՝ անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի միջամտության։ 35 և բարձր տարիքի, ինչպես նաև մարմնի զանգվածի բարձր ինդեքս կամ ուղեկցող հիվանդություններ (շաքարային դիաբետ, հիպերտոնիա) ունեցող հղիները գտնվում են կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի, լուրջ բարդությունների զարգացման ռիսկի խմբում։

ԱՀԿ-ն պատվաստումից առաջ հղիության թեստ իրականացնելու անհրաժեշություն չի տեսնում: Միաժամանակ, խորհուրդ չի տալիս նաև պատվաստման պատճառով հետաձգել հղիության պլանավորումը կամ ընդհատել այն:

Հղիների պատվաստումների արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունները, իհարկե, շարունակվում են, իսկ արդյունքները` պարբերաբար թարմացվում: Մինչ օրս կատարված զարգացման և վերարտադրողական տոքսիկալոգիայի հետազոտությունների արդյունքում` պատվաստանյութերի վնասակարության մասին տվյալներ չեն հայտնաբերվել: Ակնկալվում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը նույն ազդեցությունը կունենա հղիների շրջանում, ինչ որ նույն տարիքային խմբի ոչ հղի կանանց դեպքում է:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղիներին տրամադրել COVID-19-ով վարակվելու հնարավոր ռիսկերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

--00--ԱՀ