Նոր քաղաքական ուժ է հիմնվել․ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ է ընտրվել Թանդիլյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

նկար

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության համաժողովը։ Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։ Միաձայն նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը։

«Հարգելի՛ գործընկերներ, սույն թվականի օգոստոսի 15-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը: 

Նորաստեղծ քաղաքական ուժի համաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: Այնուհետև՝ բացման խոսքով հանդես եկան «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։ 
«Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի հասարակություն կունենանք, ինչպիսի հայրենիք ու ինչպիսի երկիր։ Մենք ուզում ենք ունենալ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ։ Վստահ ենք, որ ունենք նվիրում պետության ու հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ կառուցելու համար»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։ 

Իր ելույթում Առաքելյանն անդրադարձավ նաև Կուսակցության հռչակագրում ամրագրված դրույթներին.

նկար

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է հանձնառություն ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում»։
Մեսրոպ Առաքելյանի հավաստմամբ՝ այս առաջնահերթություններին հասնելու և իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը, պրոֆեսիոնալիզմը և գործունակությունը։ 

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանն իր ելույթում նշեց.
«Ապրելու երկիր պետք է դառնա յուրաքանչյուրիս միջավայրը՝ մեր տունը, բակը, աշխատավայրը, գյուղն ու քաղաքը։ Բոլորս հանձնառու ենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բացահայտել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք լուծելու համար մենք ունենք ցանկություն, նվիրում և հնարավորություն։ Մենք հավատում ենք, որ ունենալու ենք հզոր պետություն, կայուն անվտանգություն, բարեկեցիկ և ստեղծագործ հասարակություն։ Մենք հավատում ենք, որ հայ լինելը և Հայաստանում ապրելը ոչ թե շարունակելու է լինել ճակատագրի կամ բնության որոշում, այլ հենց մարդու անբեկանելի կամք։ Հենց հայ լինելու և Հայաստանում ապրելու հաստատակամությունն է մեզ տալիս պատասխանատվություն՝ միավորելու հազարավոր մեր հայրենակիցների ջանքերը՝ կերտելու երազանքներն ու նպատակները»։

Անդրադառնալով ուժերի համախմբման անհրաժեշտությանը՝ Մանե Թանդիլյանը մասնավորապես կարևորեց «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները և վերջինիս հետ համագործակցության  պատրաստակամություն հայտնեց։
«Ապրելու Երկիր» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ՝ համադրելով մեր հռչակած նպատակները և ձգտելով ավելի մեծ համախմբման։ Շնորհակալ ենք «Ապագա հայկականը» նախաձեռնողներից որակապես այլ միջավայրի ձևավորման համար, որն առկա վստահության խորը ճգնաժամի պայմաններում ստեղծում է անտարբերությունը կոտրելու հնարավորություններ»,- նշեց Թանդիլյանը։

Ապրելու երկիր» կուսակցության համաժողովի ընթացքում ընդունվեց  Կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի ունեցավ Կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընրություն։

Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Մանե Թանդիլյանը»։  

նկար

--00—ԼՄ