Իշխանության խոսքի արժեքը. ինչո՞ւ վերսկսվեց ԼՂ հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

նկար

Հունիսի սկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դադարեցնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի աշխատանքները՝ պայմանավորված ադրբեջանական սադրանքներով Հայաստանի սահմանին։

Այս մասին լրագրողներին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նկատելով, թե «որ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է համապատասխան ֆոն»։

«Երբ սահմանին այսպիսի իրավիճակ է, կարծում եմ, որ հնարավոր չէ կառուցողական աշխատանք այս հարթակում, տեսնենք թե ինչ կլինի հետագայում», - հայտարարել էր Մհեր Գրիգորյանը։ 

Նույն տրամաբանությամբ հայտարարություն արդեն գրեթե մեկ ամիս անց արել էր մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հնարավոր չէ բանակցել այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք։ 

Արդեն երեկ ռուսական և հայկական կողմերը հայտարարեցին, որ փոխվարչապետերի հանձնաժողովը Մոսկվայում վերսկսել է աշխատանքը, որին հայկական կողմից մասնակցում է Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ից՝ Ալեքսեյ Օվերչուկը, Ադրբեջանից՝ Շահին Մուստաֆաևը։ 

Հետաքրքիր է, որ այս ընթացքում սահմանին իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև ավելի լարվել է։ Միայն մեկ օրում հայկական կողմը Գեղարքունիքում և Սյունիքում տվել է երկու զոհ, կա նաև վիրավոր, ադրբեջանցիները շարունակում են սադրիչ գործողությունները։ Այս պարագայում հարց է առաջանում, թե նախկինում հանձնաժողովի աշխատանքները սահմանային դեպքերի պատճառով դադարեցրած հայկական կողմն ինչո՞ւ համաձայնեց շարունակել հանդիպումները, եթե իրավիճակն է՛լ ավելի է սրվել ու հղի է լայնամասշտաբ պատերազմի հավանականությամբ։ Ո՞վ է ստիպել հայկական կողմին հերթական անգամ հետ կանգնել իր իսկ հայտարարություններից ու բանակցել «ավտոմատների սպառնալիքի ներքո»։ Այս հարցերի պատասխանները Փաշինյանի իշխանությունը դեռ չի տվել։ 

Սուրեն Կամսարական

--00—ԼՄ