Արցախում հանցավորության դեմ պայքարում են արցախյան իրավապահ մարմինները. ԱՀ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Արցախի դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հայտարարություններին, համաձայն որի Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցում «ռուսական խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքներում հանցագործությունների հետ կապված»:

Արցախի դատախազությունն «Արմենպրես»-ին փոխանցած հայտարարությունում հայտնում է.

«Արցախի Հանրապետության տարածքում հանցավորության դեմ պայքարն իրականացվում է արցախյան իրավապահ մարմինների կողմից, և ի տարբերություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի անդամ մի շարք երկրների՝ մենք այն իրականացնում ենք հիշյալ կոնվենցիայի դրույթներին համապատասխան գործելու մեծագույն ձգտումով ու իրավունքի գերակայության սկզբունքին հավատարմությամբ:

Ադրբեջանի դատախազության մեծագույն առաքելությունը կարող է լինել այն, որ իրավապահ համակարգի գործունեության համակարգմամբ կարողանա նպաստել այնպիսի հանցավոր դեպքերի կանխարգելմանը, ինչպիսիք մոլորությամբ ադրբեջանական զինծառայողների վերահսկողության տակ հայտնված` հոգեկան առողջության հետ բացահայտ խնդիրներ ունեցող անձին խոշտանգելն է, խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակով բնակավայրերի և բնակելի տների ուղղությամբ պարբերաբար՝ ցերեկային ու գիշերային ժամերին կրակելու, դիակները անարգելու, գերիներին խոշտանգելու, սպանության, ծաղրուծանակի ենթարկելու դեպքերը:

Իհարկե, նմանատիպ դեպքերը քննության առնելը Ադրբեջանի իրավապահ մարմինների պարտականությունն է, բայց քանի որ այդ պետությունում հայատյացությունը և ազգային հողի վրա հայի նկատմամբ ցանկացած` այդ թվում հանցավոր ոտնձգությունը խրախուսվում է բացահայտորեն, անգործությունից բացի այլ բան ակնկալել մենք չենք կարող: Իսկ եթե իրավապահ համակարգն ի վիճակի չէ կանխելու նման երևույթները և քրեական պատասխանատվության ենթարկելու հանցավոր արարք կատարած իր քաղաքացիներին ու զինվորականներին, ապա ստիպված է լինում հանդես գալ ընդամենը հայտարարություններով»:

--00--ԱՀ