«Համատեղ աշխատանքն է Արցախի փրկությունը»․ ՀՀ և ԱՀ ԱԺ-ների ընդդիմադիրները հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետկապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ:

ԱՀ Աժ խմբակցությունների ղեկավարները ողջունել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և ընդգծել, որ ԱՀ և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները նույնն են, և դրանց լուծման ուղիների առումով նրանք դաշնակիցներ են:

«Արցախի և Հայաստանի համատեղ աշխատանքի շնորհիվ ենք տեսնում Արցախի փրկությունը»,- շեշտել է ԱԺԿ խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Արցախի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները մեծ ակնկալիքներ ունեն հայաստանյան գործընկերներից՝ իրենց տրամադրված հարթակի միջոցով Արցախը աշխարհին տեսանելի և ընկալելի դարձնելու համար:

Ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսել է երկու հայկական խորհրդարանների ընդդիմադիր ուժերի համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Արմեն Ռուստամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել,որ օրակարգի առանցքային հարցերից է Արցախի հիմնախնդիրը:<<Չնայած ՀՀ խորհրդարանում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը ձախողվել է, այնուամենայնիվ Արցախի հարցը միշտ օրակարգում է և մեր խնդիրները դրանով չեն թուլացել>>,- նշել է Արմեն Ռուստամյանը: Արցախի հարցերի հետ կապված՝ դաշինքի պատգամավորներն ունեն հստակ պատկերացումներ:

3 խմբակցությունների ղեկավարներն էլ նշել են, որ ողջունել են Արցախի հարցով հանձնաժողովի ձևավորումը՝ հակառակ այն թյուրըմռբնման,որ իբր Արցախի խորհրդարանի ղեկավարը Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը դեմ էր:

Խոսելով Արցախի և Հայաստանի ընդհանուր խնդիրների մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նախանշել է միասնաբար գործելու անելիքները:

Հանդիպմանը առաջարկվել է ունենալ հստակ օրակարգ, ստեղծել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների, առկա խնդիրների հաղթահարման միասնական ծրագիր:Արմեն Ռուստամյանը կարծում է՝ պետք է հստակեցվեն Արցախի հարցի շուրջ պատկերացումները և դրանց լուծման ճանապարհը: Այս առումով նա կարևորել է համատեղ, համաձայնեցված փոխգործակցությունը:

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները և որոշել դրանք դարձնել շարունակական:

--00—ԼՄ