Քանաքեռի գերեզմանոցում պոկել են ճաղավանդակները, նույն վայրում այլ հուղարկավորություն արել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

Արդեն  2 օր է՝ Երևան քաղաքի բնակիչներ Նունե և Ռաֆիկ Ալեքսանյանները  փորձում են ժողովրդին հայտնի թաղման բյուրոյից ստանալ հստակ պատասխան, թե ով կամ ովքեր և ում թույլտվությամբ են ոտնձգություն կատարել Քանաքեռի գերեզմաններում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանի նկատմամբ: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Shamshyan.com-ի հետ զրույցում Ալեքսանյաններն ասում էին.

«Մի քանի օր առաջ հերթական անգամ այցելեցինք  1973թ.-ից  մեր ընտանեկան գերեզման, որտեղ այդ թվականին հուղարկավորվել է պապիկս՝ Նշան Ալեքսանյանը, իսկ  1984թ.-ին՝ հուղարկավորվել է տատիկս՝ Արաքսյա Ալեքսանյանը:  Այցելեցինք գերեզման ու մնացինք ապշած: Մեր ընտանիքին պատկանողղ գերեզմանի մի ահագին հատված չգիտես ում կողմից վանդալիզմի է ենթարկվել: Կոտրել ու դեն են շպրտել ճաղավանդակները, սեղանն ու նստարանը, փոխարենը մի նոր շիրիմ է հայտնվել:

Պարզեցինք, որ մեզ պատկանող տարածքը թաղման բյուրոն տվել է մեկ այլ քաղաքացու, քաղաքացին էլ, չիմանալով եղելությունը,  իր հարազատին հուղարկավորել է: Նրան մենք չենք մեղադրում, մեղավորը Քանաքեռի գերեզմանոցի պատասխանատուներն են, ովքեր, հավանաբար ինչ-որ շահից ելնելով, ապականել են մեր գերեզմանը և մի ամբողջ հատված տրամադրել այլ քաղաքացու:

Կատարվածի մասին արդեն տեղեկացրել ենք Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն, սպասում ենք, որ օբյեկտիվ հետաքննություն կանցկացնեն և մեղավորները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: Այս տեսակ վանդալիզմ ինչպես կարող էր հայը թույլ տալ: Քանաքեռի  գերեզմանատան պատասխանատուների ու թաղման բյուրոյի հետ քանի օր է, փորձում ենք կապ հաստատել, մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ