Հայաստանի և Իրանի ազգային արխիվները կհամագործեն․ հուշագիր կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն  ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային և ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի  հետազատության բաժնի պրոռեկտոր Մոռթեզա Ռեզվանֆարին:

Զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների միջև առավել խորը համագործակցության անհրաժեշտությունը՝ մասնավորապես պատմամշակութային ժառանգության փոխադարձ ճանաչման, արխիվային տվյալների երկուստեք  փոխանակման առումով:

Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային նկատել է, որ եկող տարի լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է երկու պետությունների ժառանգությանը նվիրված համատեղ  արխիվային նյութերի ցուցադրություն կազմակերպելու համար, ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։ Իրանական կողմն ընդգծել է ճարտարապետական և այլ ոլորտներում Իրանին վերաբերող արխիվային փաստաթղթերին ծանոթանալու իր հետաքրքրությունը՝  հայկական կողմին առաջարկելով փոխադարձաբար օգտվել իրենց արխիվներից:

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը  նշել է` երկու երկրներն  ունեցել  են դարավոր պատմամշակութային բարեկամական հարաբերություններ և   պատվիրակության անդամներին տեղեկացրել է, որ ի թիվս այլ փաստաթղթերի Հայաստանի Արխիվում պահվում է Շահ Աբասի՝ 1607 թ․արաբատառ հրովարտակը, որը վերջինիս կողմից Քաշաթաղի հայ մելիքներին (իշխաններին) հողային արտանություններ տրամադրելու մասին է,  և դրանով պատրաստակամություն է հայտնել հնարավորություն ընձեռել ծանոթանալու նմուշին:

ԻԻՀ պատվիրակության  և ՀՀ ազգային արխիվի տնօրինության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արխիվային ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու և այդ համատեքստում համատեղ Հուշագիր ստորագրելու ուղղությամբ:

--00—ԼՄ