Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակական

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Գումար չեն պահանջել, բայց իրենց շատ լկտի ձևով են պահել։ Կոպիտ ձևով մեքենան են ստուգել։ Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, որովհետև վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,-  պատմեց Կարեն Քոչարյանը։

Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ճանապարհին կրկին իրանական բեռնատարներ են կուտակված։

«Ոչինչ չի փոխվել։ Մեքենաներ կան, որոնք երեկվանից են այստեղ, մեքենաներ կան, որոնք այսօր են եկել։ Իրանցիների շրջանում արդեն խուճապ է տարածված, նրանք սկսել են աղմուկ բարձրացնել, վեճեր են առաջանում։ Կառավարությունը անհապաղ պետք է այս հարցին լուծում տա»,- հավելեց Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում  ճանապարհը շարունակել։ Երկու օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։

--00--ԿԿ