Չգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Կորոնավիրուս

«Չգիտեմ, թե ինչու են նախատեսել նման բացառություն», - անդրադառնալով արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծին, որի հաստատման դեպքում բարձրաստիճան պաշտոնյաները կազատվեն ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունից, ասել է «Արաբկիր» ԲԿ ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ «Sputnik Արմենիա»-ին։

Նա շեշտել է, որ իր համար ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարը կամ շարքային քաղաքացին նույն հարթությունում են, բոլորին պետք է ցուցաբերվի նույն մոտեցումը, բոլորը պետք է ենթարկվեն նույն կարգ ու կանոնին։

«Վստահ չեմ, որ նախագահը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա պետք է համաձայն լինի դրան։ Մենք, ամեն դեպքում, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր անձ ունի իր պատկերացումն այդ հարցում, բայց հանրության իրավունքն էլ կախված է յուրաքանչյուրի վարքագծից», - ասել է Արա Բաբլոյանը։

Նրա կարծիքով` երբ առկա են համավարակի տարածման մտահոգիչ ցուցանիշներ, ապա հարց է առաջանում, թե արդյոք անհատի իրավունքը կարո՞ղ է գերակա լինել հանրության իրավունքից։ Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։

--0--ԿԿ