Նախագահը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

Ժենյա Ավետիսյան

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: 

«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով սիրված դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան մասին։

Մոտ վեց տասնամյակ իր դերասանական հարուստ և բովանդակալից կյանքն անցկացնելով Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում՝ նա իր վառ անհատականությամբ ստեղծեց մնայուն կերպարներ, որոնց միացան նաև նրա փայլուն դերերը հայ կինոյում։

Ինքնատիպ դերասանական խաղը և բեմական վարպետությունը, որ տասնամյակներ շարունակ համադրվում էին Ժենյա Ավետիսյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու՝ տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կերտած կերպարներում, կշարունակեն մնալ հանդիսատեսի հիշողության մեջ։

Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում անվանի դերասանուհու ընտանիքին ու հարազատներին, արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,- նշված է նախագահի ուղերձում։ 

--00--ԱԹ