Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի' հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի' քաղաքացիներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը:

Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ:

Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում:

Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին:

Լրանում է մի ժամանակաշրջանում,

երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի,

երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա,

երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու,

փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության,

միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:

30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս:

Եւ հաղթահարեցինք. 1991թ.սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն:

Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:

Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար:

Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:

Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:

Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները:

Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն:

Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...

Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել:

Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց:

Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:

Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ:

Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում:

Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում:

Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն:

Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել:

Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ:

Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝

համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում,

միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ,

ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ,

Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:

Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:

Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք:

Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին:

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

--00--ԱԹ

Տեսանյութեր