Հավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, ովքեր այսօր Եռաբլուրից են մեզ հսկում․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է տարածել Անկախության 30-ամյակի առթիվ․

«Սիրելի՛ հայ ազգ, սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն,

Շնորհավորում եմ բոլորիս՝ 30 տարի առաջ մեր ազգի կայացրած օրհնյալ որոշման առթիվ:
30 տարի առաջ սեպտեմբերի 21-ը  ամսաթիվ լինելուց զատ վերածվեց ազգի ինքնության, ազգի միասնականության, անկոտրում կամքի ու հավատի սիմվոլի: 

Նորանկախ հայկական պետականությունը կոփվեց բազմաթիվ փորձություններում, որոնք գուցե հնարավոր չլիներ հաղթահարել, եթե չլիներ ազգի միասնականությունը, ազգային պետություն ունենալու համընդհանուր երազանքը և պատմական հայրենիքում ազատ ապրելու անխախտ ուխտը: 

Ինչպես անկախության առաջին օրերին, այնպես էլ հենց այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ: Մարտահրավերներ, որոնք պարտավոր ենք հաղթահարել համազգային վճռականությամբ: Այլ ճանապարհ չկա՛: 

Անկախության տոնի խորհուրդը պիտի ամուր մնա մեր և մեր սերունդների կյանքում: Ուղիղ մեկ տարի առաջ մի ամբողջ սերունդ՝ անկախության սերունդ, ելավ սրբազան պայքարի՝ հանուն նրա, որ մեր հայրենիքը շարունակի ապրել, ապրել ազատ և միասնական:

Ուստի հավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, ովքեր այսօր Եռաբլուրից են մեզ հսկում: Արժանի՛ լինենք նրանց լուսավոր հիշատակին, պաշտպա՛ն լինենք մեր հայրենիքին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

--00—ԼՄ

Տեսանյութեր