Ի հիշատակ Արցախյան պատերազմների զոհերի՝ Բուսաբանական այգում կհիմնադրվի Կյանքի պուրակը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News 

Նիկոլ

«Ո՞ւր մնացին նահատակները:

Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախը ապրի: Եւ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը՝ նրանք կենդանի են: Երբ զարգանում է Հայաստանի Հանրապետությունը, երբ զարգանում է Արցախը՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետեւ խոսքը իրենց զավակների, իրենց եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է, վերջիններիս զավակների հայրենիքի մասին»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

ՀՀ անկախության 30-ամյակի առիթով Երևանի Հանրապետության Հրապարակում անցկացվող գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Եվ ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի եւ ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու՝ մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական:  

Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի՞ նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եւ որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը, մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:

Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, եւ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եւ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:

Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»:

--00--ԱԹ