Ընդդիմության առաջարկը խլել են. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Աբրահամյան

«Հրապարակ»-ը գրում է.

«Շաբաթներ առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել էր՝ ստեղծել հանձնաժողովականներից բաղկացած աշխատանքային խումբ, որը ԶՈՒ և ԱԱԾ թույլտվությամբ կայցելի ՀՀ առաջնագծի երկայնքով տեղակայված ուղեկալներ, դիրքեր, կուսումնասիրի դիրքերի կահավորվածության աստիճանը և եզրակացություն ու առաջարկների փաթեթ կներկայացնի՝ նպաստելով պետության անվտանգության բարձրացմանը:

Սակայն շաբաթներ են անցել, իսկ իշխանությունը չի արձագանքել այդ առաջարկին, ավելի ճիշտ՝ լռելյայն մերժել է: Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պետության անվտանգության խնդիրները միայն ընդդիմադիրներին են հուզում, երեկ նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում ընդդիմադիրներին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Սյունիքում տիրող իրավիճակի, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհի խնդիրների ուսումնասիրության հարցով: Առաջարկել է մեկնել Սյունիք, քննարկել եւ հասկանալ իրավիճակը: Ասել է, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին արդեն գործուղել են, վերադառնալուն պես կփոխանցի նախնական ինֆորմացիա: Սակայն ընդդիմադիր խմբակցություններն առանձնապես ոգեւորված չեն այդ առաջարկով, քանի որ կողմնակից են «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկին` ՀՀ սահմանի ողջ երկայնքով դիտարկում իրականացնելու:

Ի դեպ, դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե մեծ թափով կահավորում են առաջնագիծը, պարզապես տեսանելի չէ»:

--00--ԱԹ

Տեսանյութեր