Պոլսահայ գործիչը մեկնաբանել է Ստամբուլի հայկական անունով փողոցի անվանափոխությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Ստամբուլի հայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ստամբուլի փողոցներից մեկի հայկական անունը թուրքական անվամբ փոխելու մասին քաղաքապետարանի որոշումը։

Ավելի վաղ Ermenihaber.am կայքում հրապարակվել էր Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում Տատյան փողոցը թուրքական անվամբ փոխարինելու մասին տեղեկություն, որի մասին բարձրաձայնել էր հենց Նազարեթ Դավիթյանը։

Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված փողոցի անվանակոչումը հայկական ազգանունով, ապա և անվանափոխումը, պարոն Դավիթյանը, ներկայացնելով խնդրի նախապատմությունը, նշեց.

«Սկզբում մենք շատ ուրախացանք, երբ փողոցն անվանվեց Տատյանների անունով, որովհետև Տատյան անունը Թուրքիայի հայերի համար շատ կարևոր անուն է։ Բացի մեզ՝ հայերիս համար կարևոր լինելուց, այն կարևոր է նաև Թուրքիայի համար, որովհետև Օսմանյան կայսրությանը մեծ օգնություն ցուցաբերած մի գերդաստան է, որը նաև ազգօգուտ գործունեություն է ծավալել։

Խնդիրն այն է, որ Ստամբուլի քաղաքապետարանը չի հաստատել Բաքըրքոյի համայնքապետարանի՝ փողոցը Տատյան անվանելու մասին որոշումը։ Այսինքն պարզվում է, որ քաղաքապետարանի փաստաթղթերում նման փողոց գույություն չուներ և եթե օրինակ հրշեջ ծառայություն կանչեինք և տայինք Տատյան փողոց անունը, նրանք չէին կարող գտնել այդ փողոցը, որովհետև պաշտոնական փաստաթղթերում նման անվանում արձանագրված չէ։

Մենք գիտենք նաև, որ Բաքըրքոյի համայնքապետարանն ու Ստամբուլի քաղաքապետարանը ներկայացնում են երկու տարբեր կուսակցություններ։ Սակայն սա վերկուսակցական խնդիր է, և չէինք կամենա, որ Տատյանների հռչակավոր անունը կուսակցական խնդիրների պատճառով վնաս կրեր»։