Փաշինյանի առերեսումն իրականության հետ

Thumbnail

Եթե Հայաստանի իշխանական համակարգում կա մի եզակի գործիչ, ում վերջին հանրային հայտարարությունները ցույց են տալիս, որ ինքը սկսել է ըմբռնել մեր երկրի խորքային խնդիրների գոնե մի մասը՝ Նիկոլ Փաշինյանն է:  Հայաստանի բնակչության աշխատելու, ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությունները, կենսաթոշակային բարեփոխումների համակարգի թեկուզ «չեմ ու չում»-ով ընդունումը, գործատեղերի առկայության, բայց աշխատելու ցանկության բացակայության մասին հայտարարություննեը վկայում են, որ պետական կառավարման ղեկը ստանձնելուց հետո պոպուլիստական շեշտադրումներով հայտնի իշխանության գոնե ամենավերևի միավորը տալիս է ազդակներ, որ մեր երկիրը համակարգային խնդիրներ ունի նաև այն պատճառով, որ հասարակության մի որոշ հատվածի մոտ չկա բարեփոխվելու ցանկություն: «Կախարդական փայտիկի առկայության մասին» հայտարարություններ անող Փաշինյանը կարծես թե սկսել է գիտակցել, որ բյուջեում փող լցնելու, ասֆալտ ու թոշակ տալու համար պետք է լինի զրո կոմպրոմիս հարկեր չտվող քաղաքացիների հետ, փողոցային կարմիր գծերը ոչ միայն վճարովի պետք է լինեն, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, բարձր գին ունենան՝ այլ ճանապարհ չկա:

Գիտակցումը, սակայն, ուրիշ բան է, բայց արդեն մեծ հարց է, թե արդյոք Փաշինյանը կունենա քաղաքական կամք գնալու այնպիսի բարեփոխումների, որոնք կարճաժամկետ առումով կարող են սոցիալական լարվածություն և դժգոհության ալիք առաջացնել:  Փորձը ցույց է տալիս, որ խորքային ցանկացած բարեփոխում ցավոտ գործընթաց է, որից անմիջապես օգտվում են քաղաքական ընդդիմախոսներն ու փորձում որոշակի դժգոհության ալիքի վրա իրենց դիվիդենտները հավաքել: Հայաստանում նման օրինակներ կան ոչ շատ հեռու անցյալում, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներմուծեց, օրինակ, ԱՊՊԱ  համակարգը և անմիջապես արժանացավ հակազդեցության, որը խրախուսվում էր այդ օրվա ազդեցիկ օլիգարխների, պետական ապարատի բանալի գործիչների կողմից, ովքեր դրանով փորձում էին ստանալ իրենց քաղաքական միավորները: Հիմա, տարիներ անց, ԱՊՊԱ-ն մտել է մեր կենցաղի մեջ՝ դառնալով անբաժանելի մի մաս, որով լուծվել են բազմաթիվ խնդիրներ, բայց ի՜նչ էր կատարվում այդ օրերին: Հաջորդ օրինակը նույն կենսաթոշակային համակարգի ներդումն էր, որը ստացավ տեղ-տեղ ուղղորդված կոպտագույն հակազդեցություն, բայց չնչին փոփոխություններով որդեգրվեց անգամ հեղափոխականների կողմից:

Thumbnail

Հարցերի հարցը մնում է հետևյալը՝ 70 տոկոս քվե ստացած ուժի առաջնորդը պատրա՞ստ է գնալ այնպիսի խորքային բարեփոխումների, որը կարող է բացասական ազդել իր վարկանիշի վրա, սակայն անհրաժեշտ է  երկարաժամկետ զարգացման տրամաբանությունից ելնելով: Եվ, եթե այո, ունի՞ արդյոք քաղաքական կամք «զոհել» իր թիմակիցներին, ովքեր ապացուցում են իրենց մասնագիտական առումով անպիտանությունը՝ այդ նպատակին հասնելու համար: 

Սուրեն Կամսարական