Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում.խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Լիբիայի նավահանգիստներից մեկում հունվարի 8-ին առգրավվել է Թուրքիայից այդ երկիր ուղարկված զենքի ևս մեկ խմբաքանակ: Ըստ Լիբիայի մաքսային ծառայության հայտարարության՝ Թուրքիայից երկրի Միսրաթա նավահանգիստ ուղարկված մանկական խաղալիքների ու կահույքի մեջ թաքցված 556 փաթեթներում 20.000 ատրճանակ է հայտնաբերվել: Լիբիայի իշխանությունների տեղեկություններով զենքերը փոխանցվում են երկրի ներսում գործող ահաբեկիչներին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թեմայի վերաբերյալ «Sputnik» գործակալությանը տված հարցազրույցում Լիբիայի խորհրդարանի մամուլի քարտուղար Ֆաթիհ ալ-Մարյամին հայտարարել է, որ Թուրքիան նմանատիպ քայլերով ցանկանում է խաթարել կայունությունը Լիբիայում: Ալ-Մարյամին ավելացրել է, որ առաջիկայում խորհրդարանը համապատասխան քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունների մասով:

«Լիբիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը և ներքին ու արտաքին անվտանգության հանձնաժողովը Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում մի շարք քայլեր կիրականացնեն: Դա կլինի խորհրդարանի հաջորդ նիստի ընթացքում: Թուրքիան ցանկանում է խաթարել կայունությունը Լիբիայում. զենքի մատակարարումներով ու երիտասարդներին մոլորեցնող տեղեկատվության տարածումով քաոսի սերմեր է ցանում»,- ասել է Լիբիացի պաշտոնյան:

Ավելի վաղ էլ Լիբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դեկտեմբերի 17-18-ին Լիբիայի Հոմս նավահանգստից Թուրքիայից ուղարկված զենք-զինամթերքի 2 մեծ խմբաքանակ առգրավելու մասին: Ըստ Լիբիայի ՊՆ-ի՝ այդ անօրինական զենքը նախատեսվում էր օգտագործել երկրում ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու նպատակով: