Ալիևը ՄԱԿ-ին և անդամ երկրներին կոչ է անում չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ալիև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: 

«Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով մենք ստեղծեցինք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները: Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականապես կողմնակալ անունների օգտագործումը, որոնք մանիպուլյատիվ բնույթ են կրում», - հայտարարել է Ալիևը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստաթղթեր են փոխանցել ՄԱԿ-ում բոլոր պետությունների ներկայացուցչություններին՝ ներառյալ համառոտ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք արտացոլում են Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վիճակը:

Ադրբեջանի նախագահը կոչ է արել միջազգային էներգետիկ ընկերություններին ներդրումներ կատարել Ղարաբաղի տարածքում կանաչ էներգիայի զարգացման համար: Ալիևն ասել է, որ վերջերս «ազատագրված Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը հայտարարել է կանաչ էներգիայի գոտի»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախատեսված է այսօր ուշ երեկոյան։

--00--ԱԹ