Լուծումներ՝ համատեղ ուժերով. նախարարը հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նախարար

Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա բարեփոխումները լայն քննարկման առարկա դարձնելու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ:

Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են.

«Կարծում եմ` ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին վերհանելու միջոցով լուծումներ գտնելու մոտեցումը կօգնի մեզ առաջ շարժվելու. առանց դրա դժվար է պատկերացնել որևէ բարեփոխում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Խոսելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին` Ավանեսյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման կներկայացվի առողջության ապահովագրության ամփոփված հայեցակարգը, որի ներդրումը համալիր գործընթաց է լինելու: Մասնավորապես` ֆինանսական միջոցների ծավալի մեծացումը կուղեկցվի առաջիկա տարիներին ապահովագրության տարբեր բաղադրիչների մասով ծավալուն բարեփոխումներով` էլեկտրոնային առողջապահության ներդրում, որակի չափանիշների սահամանում և դրանց շարունակական մոնիտորինգ, տեսչական մարմինների աշախատանքի վերանայում, լիցենզավորման և մասնագիտական զարգացման ինստիտուտի ներդրում և այլն:

«Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը` մտքերի փոխանակման, առկա խնդիրների օբյեկտիվ գնահատականը մեզ փոխանցելու, համակարգի ճիշտ ներդրման գործիքներ մատնանշելու իմաստով»,-ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է պետական միջոցների կենտրոնացմամբ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման միջոցով բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը: Այդ նպատակով առաջիկայում կապիտալ ծախսերի գերակա մասը կուղղվի մարզային պոլիկլինիկաների ամբողջական վերանորոգմանն ու վերազինմանը:

Նախարարն անդրադարձել է նաև պետպատվերի ծավալներին` նշելով, որ վերջին տարիներին օբյեկտիվ հիմքերով առողջապահության համակարգը աշխատել է գերծանրաբեռնված, սակայն պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են, և այդ աճը շարունակական է լինելու:

Միաժամանակ, նախարարն ընդգծել է առկա և հատկացվելիք ռեսուրսները հասցեական օգտագործելու անհրաժեշտությունը` արդյունավետության բարձրացման նկատառումներով:

Բուժհաստատությունների տնօրեններն իրենց աջակցությունն են հայտնել այդ բարեփոխումներին, հնչեցրել իրենց առաջարկները:

Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը խոստացել է, որ բարեփոխումների տարբեր փուլերում նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու:

--00--ԱԹ