Կառավարությանն առաջարկվեց խթանել էլեկտրամոբիլների կիրառումը մեր երկրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին, կայացած նիստում գործադիրն ընդունեց որոշում, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի  ավելացված արժեքի հարկից:

Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: