Հայաստանը պիտի գիտակցի այս իրականությունը և կարճ ժամկետում ընդունի մեր պահանջները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի պայմանն է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:

«Իհարկե, դա պահանջ է, քանի որ այդ մասին խոսվում է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Հայաստանն իր վրա է վերցրել այդ պարտավորությունը: Եթե նա այդ պարտավորությունը չկատարի, ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք լինել: Երկրորդ, Հայաստանը պետք է ճիշտ վերլուծի հետպատերազմական շրջանը: Այժմ իրավիճակը բոլորովին այլ է: Հիմա Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար էլ ավելի շատ ջանք պիտի ներդնի, քանի որ դա կարևոր է նրանց համար: Մենք կարող ենք նաև առանց դրա ապրել, ինչպես ապրել ենք նախկինում»,- ասել է նա:

Ալիևը նաև հավելել է, թե «Հայաստանը պետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»: Նրա կարծիքով՝ այդ նպատակով «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն»:

«Թող Հայաստանը որոշի իր սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Նրանք պետք է այս ուղղությամբ ավելի նպատակաուղղված շարժվեն, քան մենք: Այժմ Հայաստանում և արտերկրի որոշ քաղաքական գործիչներ մեզ մեղադրում են ՀՀ տարածքների օկուպացման մեջ: Նախ՝ դա այդպես չէ, երկրորդ՝ ինչո՞ւ դուք ձեր ձայնը չէիք բարձրացնում, երբ Հայաստանն օկուպացնում էր մեր տարածքները: Ինչո՞ւ էիք աչք փակում: 30 տարի օկուպացմանը զուգահեռ ոչնչացվել են մեր բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները: Դուք այդ ամենը չէիք տեսնո՞ւմ»,- ասել է նա:

Ալիևը նշել է, թե ադրբեջանցի զինվորականները դուրս են եկել ՀՀ հետ սահման ու տեղակայվել «իրենց քարտեզների համաձայն՝ Ադրբեջանի հողում», իսկ եթե «Հայաստանն այլ կարծիք ունի, թող բանակցությունների գա, դա կքննարկեն: Բանակցությունները կարող են տևել 5 կամ 30 տարի»: 

Ադրբեջանի ղեկավարը շեշտել է՝ «Հայաստանը պետք է գիտակցի սահմանների հարցում ներկա իրականությունը և հնարավորինս կարճ ժամկետներում ընդունի Ադրբեջանի պահանջները, լուծի այդ խնդիրը, որ բոլորի համար պարզ լինեն իրենց սահմանները»:

--00--ԱԹ