ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել «Հաղթանակ» զբոսայգու մոտ կրակոցներից. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Արձակված կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ վերջինիս կինը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է ինքնաձիգի 15 հատ կրակված պարկուճ, իսկ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հատվածում գտնվող կանգառի հարևանությամբ՝ պատի և կանգառի վրա, կրակոցների արդյունքում առաջացած վնասվածքների հետքեր:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական համալիր և դատաբժշկական  փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը հայտնաբերելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

--00—ԼՄ