Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթեց Իսպանիային և մտավ փլեյ-օֆֆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հանդես կգա աշխարհի թիմային առաջնության փլեյ-օֆֆում:

Իսպանիայում ընթացող մրցաշարում այսօր կայացան 3-4-րդ տուրի հանդիպումները: Մեր հավաքականը նախ լարված պայքարում զիջեց Հնդկաստանի ուժեղ ընտրանուն` 1,5:2,5: Հաջորդ խաղում մեր շախմատիստուհիները վստահ հաղթեցին տանտիրուհիներին` իսպանուհիներին` 3,5:0,5:

Հայաստանի հավաքականն այդ հաղթանակից հետո վաստակեց 5 միավոր և այժմ Հնդկաստանի ընտրանու հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Մեր թիմը ժամանակից շուտ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ նրան հաջորդող երեք հավաքականներն արդեն ետ են մնում 3-ական միավորով:

Վաղը տեղի կունենա վերջին` 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը կհանդիպի Ռուսաստանի հետ, որն այսօր հաղթել է Ադրբեջանի և Հնդկաստանի ազգային թիմերին և վաստակած 8 միավորով վստահ գլխավորում է Ա խմբի մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ խմբերում առաջին չորս տեղերը գրաված թիմերը կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ պայքարը կշարունակեն նոկաուտ մրցակարգով: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 2-ին, եզրափակիչ խաղով:

--00--ԱՀ