Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է զորավարժությունների վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իռնա» գործակալությունը, Խաթիբզադեն նշել է, որ թեև երկու երկրների միջև կան լավ և հարգալից հարաբերություններ, և երկու կողմերի միջև հաղորդակցման սովորական  ուղիները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, զարմանալի է այդ ձևով արտահայտելը:

«Այս և հարակից այլ հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել  Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Որոշվել էր այդ երկխոսությունը շարունակել հարմար հարթակում: Իրանը միշտ դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի օկուպացիային և ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը: 

Միաժամանակ, բարիդրացիականության սկզբունքների պահպանումն այն կարևորագույն հարցերից է, որն, ակնկալվում է, որ հարևանների կողմից ուշադրության կարժանանա:

Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց  է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում: Իհարկե, ակնհայտ է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»,- ընդգծել է Խաթիբզադեն:

--00--ԱՀ