Արցախցի մարզիկները Եվրոպայի առաջնության հաղթանակը նվիրում են հայրենիքի համար ընկածներին

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Արցախ

Սեպտեմբերի 24-26-ը Լեհաստանում Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկները վերադարձել են հաղթանակով։

«Մենք մասնակցել ենք առաջնությանը միմիայն հաղթանակի համար: Մեր մարզիկներ Արեն Կարապետյանը, Արտյոմ Մնացականյանը, Արամ Միքայելյանը տարբեր քաշային կարգերում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ Անգելինա Աղասյանը գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Մեր հաղթանակը նվիրում ենք հայրենիքի համար ընկած բոլոր քաջերին՝ ի դեմս մեր սան Արթուր Ասրյանի, ով Կիոկուշին կարատեի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր էր»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Արցախի Կիոկուշին կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Առուշանյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ մարզիկները վերադառնալուն պես հարգանքի տուրք են մատուցել Արթուր Ասրյանի հիշատակին՝ իրենց վաստակած հաղթանակի դափնիները խոնարհելով հերոսի գերեզմանաքարին:

--00—ՄՀ