Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հասարակական

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում, հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրինագծերի ընդունումը կնպաստի Երևան քաղաքի կառավարման և Երևանի քաղաքապետին քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաև ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

Հիմնավորման համաձայն՝ նման որոշումը հնարավորւթյուն կտա քաղաքապետին արդյունավետ համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները: Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

--0--ԿԿ