1 տարի առաջ հրթիռակոծվեց Շուշիի մշակույթի տունը. 27 ոստիկանության ծառայող զոհվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Մեկ տարի առաջ Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհվեցին ոստիկանության 27 ծառայողներ: Այս մասին հիշեցնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ներկայացնելով տեսանյութ՝ անուն առ անուն նվիրված զոհված գործընկերների հիշատակին:

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության խումբը Արցախում է եղել: Նույն օրը Շուշիի մշակույթի տանը՝ խորհրդակցության ժամանակ, թշնամու արձակած արկը պայթել է  դահլիճի բեմի դիմաց։

Շատերը վիրավորվեցին, իսկ 27 ծառայողները զոհվեցին։

Ըստ ոստիկանության՝ չհաջողվեց փրկել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր, լուսավոր մարդ Թաթուլ Օթարյանի, ոստիկանության մայոր, պրոֆեսիոնալ օպերլիազոր Վահե Ղազարյանի, ոստիկանության մայոր, փորձագետ, բարի ու համեստ Վազգեն Գրիգորյանի, նույն ստորաբաժանման երկարամյա ծառայող, ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանի, ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններ՝ հավատարիմ ընկերներ Լենտուշ Գյոզալյանի ու Սերյոժա Վիրաբյանի, նրանց ավագ ընկեր Սուրեն Խաչատրյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայող, արձակուրդը կիսատ թողած ու ռազմաճակատ մեկնած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի կյանքը։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներից զոհվեցին ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակից, ոստիկանության կապիտան, ծառայության ընթացքում մարդու կյանք փրկած Իգոր Ոսկանյանը, ոստիկանության Բազումի բաժնից՝ ոստիկանության մայոր, բարի ու քչախոս Սարգիս Նավասարդյանը, բարեխիղճ ու նվիրյալ ծառայող Մհեր Հարությունյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի լավագույն ծառայողներից՝ Միքայել Բաշոյանը, ոստիկանության Սպիտակի բաժնից՝ մարտարվեստի Հայաստանի չեմպիոն Գոռ Աջամյանը։

Իսկ ամենաշատ զոհերը եղան ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից։

Զոհվեց արտերկրից Հայաստան վերադարձած ու հայրենիքում ընտանիք կազմած, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը, նույն վարչության ծառայող, հմուտ օպերլիազոր Սրապ Շահինյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, բազմաթիվ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանության մայոր Հակոբ Աղաբեկյանը, նույն բաժնի ամենաաշխատասեր ծառայող Սևակ Մովսիսյանը, ընկերասեր Խաչիկ Կարապետյանը, անչափահասների բաժանմունքի պետ, ոլորտում մեծ ներդրում ունեցած Կարեն Մանուկյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ հումորով ու հոգատար Մկրտիչ Մուրադյանը, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հասնող Սամվել Քոչինյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի բարեխիղճ, առաքինի ծառայող, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի կարգապահ ու գրագետ ծառայող, ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը, ոստիկանության Անիի բաժնից` զուսպ ու բանիմաց Ծովակ Մադաթյանը, ոստիկանության Աշոցքի բաժնից՝ նախկին զինվորական, Արցախում երկար տարիներ մարտական հերթապահություն իրականացրած, ոստիկանության մայոր Սիմոն Ավագյանը և մի քանի համալսարան գերազանցությամբ ավարտած բացառիկ ծառայող, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանը։

Մոտ մեկ տարի անհետ կորած էր համարվում ոստիկանության Աշոցքի բաժնի պետ, օրենքին ու օրինականությանը նվիրյալ ծառայող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։ Սպասումները չիրականացան։ Օրեր առաջ հայտնաբերվեց նրա աճյունը։

--00—ԼՄ