«Որտե՞ղ է հաղթական հայոց բանակը». Ալիևը հերթական սպառնալիքներով դիմել է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի այցելել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի շրջաններ: Ալիևը Ջրականում մասնակցել է «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի և տեղի ավտոմոբիլային գործարանի համատեղ սպասարկման կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: 

Ջաբրայիլում նա հայտարարել է, թե «հայոց բանակ գոյություն չունի», թե «ադրբեջանցի զինվորականներն այն արմատապես ոչնչացրել են»:

«44 օրվա ընթացքում մեր ազգի ցուցաբերած միասնականությունն ադրբեջանցի ժողովրդին աշխարհին ներկայացրին իբրև արժանավոր և մեծ ազգ: Բռունցքը, որ մեր հաղթանակի խորհրդանիշն է, ոչ միայն ուժի խորհրդանիշ է, այլև միասնականության»,- ասել է նա:

Ալիևը հայտարարել է, թե իրենք «վերականգնել են պատմական արդարությունը»: 

«Տեսեք, թե ինչ հայտարարություններ է հիմա անում Հայաստանը: 30 տարվա միֆերից հետք անգամ չի մնացել: Որտե՞ղ է նրանց հաղթանակ բանակը: Որտե՞ղ է անհաղթելի հայ զինվորը: Նրանք, ովքեր երեսուն տարի զզվելի քարոզչություն էին վարում մեր դեմ և փորձում ստորացնել ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը, արդեն դասեր են քաղել»,- ասել է նա:

Մատաղիսում Ալիևը Հայաստանին է դիմել` սպառնալիքների հերթական չափաբաժինը հնչեցնելով: Մասնավորապես, Հայաստանում «վրեժխնդրության զգացումով» ապրողներին Ալիևը խորհուրդ է տվել մտածել իրենց մասին:

«Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի կորել, այն տեղում է: Մի՛ ջղայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ​​ձեզ լավ պահեք, կկարողանաք հանգիստ ապրել: Եթե ​​մեր դեմ կրկին ինչ-որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն լինի, մենք ձեր գլուխը կջարդենք` առանց որեւէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել»,- ասել է նա:

 

--00--ԱԹ