Ադրբեջանցիները «խանդել են» Լապշինի հայերի հանդեպ իր ջերմ վերաբերմունքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը նախօրեին ժամանել է Հայաստան ու հայտնել մոտ երկու ամիս այստեղ մնալու մտադրության մասին, Երևան ժամանելու հենց առաջին օրը ադրբեջանական մամուլի միջոցով սպառնալիք է ստացել:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Լապշինը՝ մեջ բերելով ադրբեջանական կայքերից մեկի հրապարակումը։ Բլոգերը կարծում է՝ ադրբեջանցիները «խանդել են» իրեն Հայաստանի ու հայերի հանդեպ իր ունեցած ջերմ վերաբերմունքի համար:

«Երեկ ամբողջ օրը դեպի Երևան երկար չվերթից հետո փորձեցի հանգստանալ: Պառկած եմ անկողնում, ինչ-որ ֆրանսիական կատակերգություն եմ նայում: Մեկ էլ հանկարծ ընկերներս ուղարկում են ադրբեջանական լրատվական կայքի հղում, որտեղ բառացիորեն գրված է. «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի հանդեպ, մեր համբերությունը կպայթի»: Կատակ չեմ անում, այդ տխմարները հենց այդպես էլ գրել են»,- նշել է Լապշինը՝ տրամադրելով նաև ադրբեջանական կայքի զավեշտալի հրապարակման հղումը:

Նա տեղեկացրել է, որ այս բացահայտ սպառնալիքը նույնպես կկցվի իր՝ Ադրբեջանի դեմ հարուցած միջազգային գործին:

«Նրանց համար քիչ էր, որ (Մարդու իրավունքների) եվրոպական դատարանը Ստրասբուրգում պատասխանատվության է ենթարկել իրենց իմ հանդեպ մահափորձի համար և շուտով գործընթաց կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց նաև քիչ է, որ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտել է Բաքվին բլոգեր Մեհման Հուսեյնովին հետապնդելու համար, և ինձ հաճելի է, որ ես թեկուզ չնչին լումա ունեցա այդ որոշման մեջ: Եվ նրանք դեռ բացեիբաց սպառնում են: Շնորհակալությո՛ւն, ուղարկեցի փաստաբաններին, կկցեն գործին», - գրել է բլոգերը: