Էրդողանը սպասում է, որ Բայդենի հետ հանդիպմանը քննարկի զենքի պայմանագիրը․ «Bloomberg»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ընթացքում պատրաստվում է հանդիպել և դիմել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ամերիկյան տասնյակ ռազմական ինքնաթիռներ գնելու թույլտվության համար։ Այս մասին ասվում է  ամերիկյան «Bloomberg»-ի «Էրդողանը սպասում է, որ Բայդենի հետ հանդիպմանը քննարկի 6մլրդ դոլլար արժողությամբ զենքի պայմանագիրը» հոդվածում, գրում է ermenihaber-ը։

Հոդվածում նշվել է, որ Էրդողանն այդպիսով ծրագրում է կանխել Վաշինգտոնի կողմից զենքի վաճառքի խոշոր գործարքների արգելափակումը` կապված Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգի գնման հետ:

Թուրքական «Sözcü» թերթը հայտնում է, որ Անկարան սեպտեմբերի 30-ին 40 միավոր նոր  F-16 կործանիչներ գնելու համար պաշտոնական դիմում է ներկայացրել Վաշինգտոնին, իսկ «Bloomberg»-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ նշել են, որ այդ պայամանագիրը 6 միլիարդ դոլլար արժողությամբ է լինելու։ Թուրք պաշտոնյանները, սակայն, ընդգծել են, որ Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու և Թուրքիայի դիրքորոշման անփոփոխության պատճառով դժվար է լինելու ԱՄՆ Կոնգրեսից թույլտվություն ստանալը։

Նրանք նաև նշել են, որ գագաթնաժողովում Էրդողանն այդ հարցերից է խոսելու Բայդենի հետ, սակայն «Bloomberg»-ն ընդգծել է, որ դեռևս կողմերի միջև հանդիպման մանրամասները և ամսաթիվը չի համաձայնեցվել։

ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնյան խուսափել է մեկնաբանություն տալ այդ հարցի վերաբերյալ։

--00—ԼՄ