Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին կանչել են հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Տարածաշրջան

Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին մեկ շաբաթ առաջ կանչել են դատախազություն՝ տոնավաճառում առևտրական տեղերի համար չվճարելու հարցով։ Ինչպես տոնավաճառի առևտրականներն են ասում, դատախազություն է գնացել մոտ 10 առևտրական։ Այս մասին գրում է jnews.ge-ն։

Դատախազությունում առևտրականներից փորձել են ճշտել հետևյալ հարցերի պատասխանները. քանի՞ տարի է չեն վճարում առևտրական տեղերի համար, իսկ երբ վճարում էին, ո՞վ էր հավաքում գումարը և ինչքա՞ն գումար են վճարել, արդյո՞ք էլեկտրաէներգիայի գումար են վճարել կամ վճարում են:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ին հայտնեց. «Ճիշտն ասած ես չգիտեմ, ինչումն է կայանում խնդիրը: Ես գործի բնույթին ծանոթ չեմ, բայց որ մարդկանց հրավիրում են հարցաքննության, տեղյակ եմ: Դա նորություն չէր, որ ժողովրդից գումար չէինք հավաքելու, որ մի տարի պետք է մնար, հետո տեղափոխեինք, տարածքը մաքրեինք ու գեղեցկացնեինք, սակայն ձգձգվեց ու այդպես էլ մնաց։ Աուդիտի որոշման հիման վրա, նրանք համապատասխան ստուգում են անցկացնում և պարտական են անելու, յուրաքանչյուր տեղ էլ այդպես են անում, նայում են, հանցակազմ հո գոյություն չունի», – ասում է Յուրիկ Ունանյանը։

Հարկ է նշել, որ տոնավաճառի աշխատակիցները 2018 թվականից առևտրական տեղերի համար գումար չեն տալիս։

Թե ինչի համար են առևտրականներին կանչել հարցաքննության, ինչ է լինելու հետագայում, Jnews-ը գրավոր դիմում է ներկայացրել պետական աուդիտի աշխատասենյակին և Վրաստանի դատախազությանը։ Պատասխանը ստանալուն պես այն կներկայացնենք մեր կարդացողի ուշադրությանը:

--0--ԿԿ