Լավատես լինել չէինք կարող, անհարկի ձգձգում են. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն նրա կալանքի ժամկետը երկարաձգելու դատարանի որոշումը։ Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Հաշվի առնելով դատարանների նկատմամբ ճնշումները՝ այնքան էլ լավատեսական լինել չէինք կարող։ Դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել, հրաժարվել է քննության առարկա դարձնել գրավի միջնորդությունը և անհարկի ձգձգում է այն»,- ասելէ Օրբելյանը։

ՀՔԾ–ն միջնորդել էր ևս երկու ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը, իսկ նրա պաշտպանները միջնորդել էին ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինել։

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն այսօր բավարարեց ՀՔԾ–ի միջնորդությունը և ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։