Ֆրանսիայից ժամանած բժիշկներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակական

«Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցային խմբի ներկայացուցիչները` գլխավոր տնօրեն պարոն Մարտեն Իրշի գլխավորությամբ, հոկտեմբերի 13-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Ֆրանսիացի հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ֆրանսիացի բժիշկների խումբը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 13-ին մեկնարկած եռօրյա ֆրանս-հայկական առաջին գիտաբժշկական համաժողովին մասնակցելու համար: Համաժողովի առաջին օրը անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում վիրավորում ստացած անձանց խնամքի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցերին:

«Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» հիվանդանոցային խմբի կողմից կազմակերպված և Լիոնի հիվանդանոցների ու Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի մասնակցությամբ այս համաժողովն անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանու ներքո:

--00--ԿԿ